Ճիչ

ԵՐԿՈՒ ԴՐՎԱԳ ՊՈԵՏԻ ԿՅԱՆՔԻՑ

۱٫

Այսօր 

ո’չ մի ձեռք

քեզ չի փրկելու
չի կարոտելու

վաղը ո’չ մի սիրտ
գիտե՞ս՝ քանի՜սն են սուզվել այս ծովում

իղձերը թաղել կոհակների մեջ

Այս խենթ ջրերում

խենթ պոետներն են նավարկում միայն

…ճանապարհորդում՝ առանց նավազի
۲٫

Վաղո՜ւց է Աստւած
չեմ հարբել քեզ հետ
Երանի այսօր խմենք միասին
գնանք Ռեմբոյի դուռը թակելու

գնանք նրա հետ 

պոետների պես մի քիչ
…թախծելու

+ + +

Ն Վ Ե Ր

Ափերիս մեջ

կրա՜կ եմ բերում սեր իմ քե’զ համար

ուր էլ որ լինես

հարևան տանը

կամ անծիր երկրի մի մութ անկյունում՝
կգտնեմ տունդ
քեզ կնվիրեմ մեր անհայտ որդուն

երբ հոգիս վառվի ծովերի’ վրա

ու հանգչի ընդմիշտ

…արեգակի՜ մեջ


Մի ամպած գիշեր

երբ թակեմ բոլոր դռներն աշխարհի

երբ հասնեմ ձեր տուն
…
այրվա’ծ ափերս են տաքացնելու քեզ

+ + +

ՍԵՐ՝ ԵՐԿՅՈՒՂԻՆ ՀԱՄԸՆԹԱՑ

Գիշերները
 աչքակապուկ էինք խաղում մեր բակում

հիշո՞ւմ ես
միշտ
 փախչում էինք միասին

ապավինում նկուղին

որտեղ կար մի չար ոգի

Նա կխեղդե’ր ինձ առանց քեզ

իսկ առանց ինձ

Աստված գիտե ուր կտաներ քեզ իր հետ

Մութ նկուղում
հիշո՞ւմ ես՝ միշտ
 վախենում եմ՝ կասեիր

…Վախենո՞ւմ ես
…Ու հասնում էր ժամանակը սիրելու

Եկ այս գիշեր
 աչքակապուկ խաղանք բոլոր բակերում
ես ու դու 

…եւ բոլոր մարդիկ աշխարհի

Եկ այս գիշեր կրկին փախչենք միասին
ես կգտնեմ հազար ու մի ապաստան

իսկ դու անվերջ կշշնջաս՝

վախենում եմ
…վախենո՜ւմ

+ + +

پست شده در: ۱ تیر , ۱۳۹۲

نوشتن نظر