Գետը որ հոսում էր նկարչության կտավներում

Ռասուլ Յունան
Պարսկերենից թարգմանեց Վահե Արմենը

Հրեշտակ չէր
Բարի էր սակայն
Երբ ինձ գտավ անօթեւան
Մի տուն շինեց
լույսից ու անդորրից
Ու ես ապրեցի փառավոր

Ճերմակ էին ձեռքերը պայծա՜ռ
Եկել էր ասես
Լուսին քաղելուց

+ + +

Ես հրացանս մաքրել
Կախ եմ տվել արդեն
Աչքերդ
Որսացել են ինձ
-Երկու կանաչ եղնիկներ
Նրանք բոլոր որսորդներից
Շո՛ւտ են կրակում-
Այսուհետեւ
Բոլոր խարույկների շուրջը
Քո՛ հեքիաթն եմ պատմելու

+ + +

Թողել եմ ինձ
Ինչ-որ տեղ
Գուցե քո կողքին՝
այգիներում խնձորի
բլուրների վրա
Կամ գուցե այն ճանապարհին
Որ անտառը շրջում
հասնում էր ծովին
Կանգնած եմ հայելու առջեւ
Առանց դեմքի

+ + +

پست شده در: ۱ تیر , ۱۳۹۲

نوشتن نظر